շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները

Թագուհի Թովմասյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Յուն Ֆանին։

« Խոսեցի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներ մինչ օրս պարապուրդի են մատնված։

Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ Փաշինյանը (նաև երևանյան ասուլիսի ժամանակ) ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ Արցախով, այնինչ այդպիսի պետություն այժմ գոյություն չունի, քանի որ ժամանակակից Ադրբեջանը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի հանդիսանում։ Ընդգծեցի, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Հետևաբար՝ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ, եթե ստորագրվի, կունենա լեգիտիմության լրջագույն խնդիր։ Պատմեցի իմ նախաձեռնությամբ իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի ընթացքի և արդյունքների մասին։ Նշեցի, որ արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ցավալի իրողությունը։

Պարոն Ֆանին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրները՝ հիշատակելով իշխանության ներկայացուցիչների կողմից իմ և մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունների մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք խորացնելու համագործակցության շրջանակները, և այս համատեքստում ընդգծեցի, որ մեզ համար կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանի փորձն ուսանելը»,- հանդիպման մասին ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

  • Կիսվել: