շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է. Ճապոնիայի դեսպան

Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է. Ճապոնիայի դեսպան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

՛՛Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։

Մարզպետը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի և ներդրումների համար։

Դեսպանն ասաց, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցեց նաև, որ իր առաքելությունն է շարունակել ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, և ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։

Նշվեց, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։

Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին ու քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: