Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքերը ժողովրդի ձայնը չէ․ Արմեն Խաչատրյան
Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքերը ժողովրդի ձայնը չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Պատգամավորի խոսքով՝ սյունեցիները միշտ կանգնած են եղել պետության կողքին, եղել են պետականամետ:
«Սյունեցին չի կարող գնալ բռնությունների, խուլիգանական դրսևորումներ իրեն թույլ տալ, երեխաների, ծերերի, կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ, այն էլ երկրի ղեկավարին, ժողովրդի կողմից ընտրված ղեկավարին՝ դրանով հայհոյելով մի ամբողջ ընտրազանգվածի: Ես միանշանակ վստահ եմ, որ դա կազմակերպված է եղել: Կարելի էր բողոքի ակցիա կազմակերպել, բայց ոչ հարձակման տեսքով, խուլիգանական դրսևորումներով»,-ասել է պատգամավորը: