շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. Սյունիքում Արմեն Սարգսյանին են ներկայացվել առկա խնդիրները

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. Սյունիքում Արմեն Սարգսյանին են ներկայացվել առկա խնդիրները

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: 

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն»։

Այնուհետև նախագահ Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։

Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել:

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

  • Կիսվել: