հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիկահողում մնացած բնակիչները պատրաստակամ են հետայսու ևս ապրել հարազատ գյուղում և անել ամեն ինչ այն ոտքի կանգնեցնելու համար

Շիկահողում մնացած բնակիչները պատրաստակամ են հետայսու ևս ապրել հարազատ գյուղում և անել ամեն ինչ այն ոտքի կանգնեցնելու համար

Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության դեպի Սյունիքի մարզ կազմակերպած լրագրողական շրջայցի երկրորդ կանգառը սահմանամերձ Շիկահողն էր։

Ներկայումս Շիկահողի հաշվառված բնակչութան թիվը կազմում է 192 մարդ: Սակայն սոցիալական և կենցաղային խնդիրներից ելնելով շատերը ստիպված են եղել լքել գյուղը։ Գյուղում մնացած շիկահողցիներն էլ, սակայն, լրագրողներին հավաստիացրել են, որ ոչ մի դեպքում չեն լքելու գյուղը, այլ փորձելու են անել ամեն հնարավոր բան Շիկահողը նորից ոտքի կանգնեցնելու համար։

Ըստ գյուղապետ Զորիկ Նավասարդյանի` պատերազմը որևէ առումով չի խթանել արտագաղթը, սակայն բնակիչների վրա թողել է իր ծանր հոգեբանական դրոշմը: «Գյուղից շարժը չի պակասել, զբոսաշրջիկներ առաջվա պես գալիս-գնում են»,- հավաստիացնում է Նավասարդյանը։

Գյուղի խնդիրների շարքում նա նշում է պատերազմից հետո արոտավայրերի կորուստը: Լուրջ խնդիր է նաև ջրամատակարարումը` ոռոգման ջուրը չի հասնում դաշտեր, ճանապարհին  գոլորշիանում է, իսկ խմելու ջուրը ֆիլտրացման կարիք ունի։

Ինչպես նշում է Նավասարդյանը գյուղում զբաղվածության խնդիրը մասամբ լուծված է` բնակիչների մի մասը աշխատում է Շիկահողի արգելոցում, որոշները` նորաբաց կարի արտադրամասում, որը նոր շունչ է հաղորդել գյուղին։

75 տարեկան Մայիսկա Հովհանիսյանը ուրախությամբ նշում է, որ կարի արտադրամասի շնորհիվ ապահովվել է գյուղի կանանց զբաղվածության հարցը: Չնայած պատկառելի տարիքին` տիկին Մայիսկան վերահսկում է կարի արտադրամսում աշխատանքը, հարկ եղած դեպքում օգնում աշխատողներին։ 

Չնայած այս ամենին` երիտասարդները գերադասում են ապագա փնտրել գյուղի սահմաններից դուրս` օրինակ գյուղական դպրոցում սովորում է ընդամենը 6 աշակերտ, ավարտական դասարանում` միայն մեկը:

Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությունը այս գյուղում ևս աջակցության ծրագրեր է իրականացնում` թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։ Ամենա նշանակալի ծրագիրը 40 հեկտար հողատարածքների մելորացումն է։ Գյուղի բնակիչ Տիգրան Հովհանիսյանը պատմում է, որ  30 տարվա անմշակ հողերը հիմա արդեն  նոր շունչ են ստացել։

Մարիա Աղաբալյան

 

  • Կիսվել: