ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից, չեն արդարացվում. Ալեն Սիմոնյան

Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից, չեն արդարացվում. Ալեն Սիմոնյան

Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից, չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Այս մասին այսօր Հանրայինն ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք։ Հիմա էլ ենք սպասում, պատկերացրեք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց դրանով կարող ենք հարվածել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա։ Այսօր կտրուկ շարժումներ անելու ճիշտ ժամանակը չէ՛՛:

Ա նախագահը շեշտեց՝ Ռուսաստանի հետ ունենք փոխօգնության պայմանագիր և ակնկալում ենք մեր ռուս գործընկերներից շատ ավելի շոշափելի քայլեր՝ ոչ հայտարարությունների և կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։

՛՛Զարմացած եմ և անհամաձայնություն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ ՀՀ ղեկավարության հասցեին հնչում են սադրիչ հայտարարություններ՛՛,-ասաց Սիմոնյանը։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Զախարովան հայտարարեց, որ նույնիսկ այս վիճակում շարունակվում են բանակցությունները խաղաղության շուրջ՝ Սիմոնյանը հռետորական հարց տվեց Մարիա Զախարովային․ ՛՛Ինչու՞ է այս վիճակը, ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը։ Եթե Ուկրաինայում վատ վիճակ է, ասեք մեզ, որ ,գիտեք, հիմա չենք կարողանում, բայց իմիտացիա ու մեզ այս վիճակում թողնել... Մենք այդ ռեսուրսը չունենք, մենք փոքր, երեք միլիոնանոց երկիր ենք, այդ Ռուսաստանն է, որ շատ մեծ տարածքներ ունի, մեզ համար ամեն մի մետրը արյան և պատմության ամենաբարձր գինն ունի...՛՛։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ առաջիկայում Հայաստան այցելությանը, ԱԺ նախագահն ասաց, որ իր հրավերով է նա գալիս Հայաստան.

«Դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը գոյություն ունի Հայաստանում։ Նրա այցելությունը Հայաստան Հանրապետությունում շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով։ Մենք մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք անվտանգության հնարավորինս մեծ երաշխիքներ»:

  • Կիսվել: