կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ Մանուկյանը՝ առաջնագիծ այցելելու մասին

Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ Մանուկյանը՝ առաջնագիծ այցելելու մասին

Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան, շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Աչքովս ընկավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արած մի հայտարարություն, թե դիրքերը որակապես փոխվել են ու նաև տվել ենք հնարավորություն ընդդիմադի գործընկերներին հնարավորություն տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»,- նշեց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են․ «Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»։ Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը․ «ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել»։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են․ «Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղղարկելու այն խայտառակությունը, Կապանում նախկին հրամանատարի չարածից, բազմաթիվ թերությունների, որի ականատեսն ենք»։

«Քոչարյան Անդրանիկը թող հետևի, որ հունվար 28-ին հայոց Զինված ուժերի կազմավորման օրը նշեն, ոչ թե  ինչպես արեցին անցած տարի, երբ բանակի կազմավորման 30-ամյակը կորոնայով պայմանավորված լղոզեցին, մի լավ խոսք էլ չասեցին»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: