Շատ անգամներ ենք ամենաանհույս ժամանակներում ինքնակազմակերպվել, և դրա ամենավառ ապացույցը դուք եք․ Նարեկ Կարապետյանը՝ պահեստազորի սպաներին
Շատ անգամներ ենք ամենաանհույս ժամանակներում ինքնակազմակերպվել, և դրա ամենավառ ապացույցը դուք եք։ Այս մասին Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նարեկ Կարապետյանը, դիմելով սպաներին, ընդգծել է նրանց դերը հայոց պատմության վճռորոշ փուլերում։
«Մենք մեզ նման չէինք լինի, եթե չփորձեինք վերականգնել այն, ինչ ունեինք։ Շատ անգամներ ենք ամենաանհույս ժամանակներում ինքնակազմակերպվել, և դրա ամենավառ ապացույցը դուք եք, այն հաղթանակները, որ դուք տեսել եք և որոնց կերտողն եք եղել»։
Խոսելով երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նա շեշտել է արագ ինքնակազմակերպման անհրաժեշտությունը։ Ըստ Կարապետյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը ենթադրում է համազգային ներուժի կոնսոլիդացիա։
«Ինքնակազմակերպման առումով կուզեինք խոսել՝ ի՞նչ է պետք արագ արդյունքի համար։ Ինչպե՞ս եք դուք տեսնում մեր ճանապարհը։ Սա մեկ հոգու կամ մեկ թիմի խնդիր չէ. մենք կարող ենք հաջողության հասնել միայն ամբողջ հայկական ընդհանուր պոտենցիալի միավորման արդյունքում»,- նշել է Նարեկ Կարապետյանը։


