ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը

Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը

«Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա: Առանձնահատուկ է Ֆրանսիայի դերը Հայաստանի համար. այդ երկիրը դժվարին ժամանակահատվածում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ հանդիպման ընթացքում:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա են եղել «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը: Հայ խորհրդարանականները կարևորել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատումը: Այս համատեքստում Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում միջազգային դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը ողջունել է խորհրդարանի նիստերին ընդդիմության մասնակցությունը: Սեյրան Օհանյանը խոսել է խմբակցության առաջնահերթություններից, ներկայացրել խորհրդարանական աշխատանքների իրենց օրակարգը: Գեղամ Նազարյանի խոսքով խմբակցությունը բանակի վերականգնումը համարում է առաջնահերթ:

  • Կիսվել: