հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

Սարգսյանը հավելել է. ՛՛Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, հիմա էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին մարդը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին՝ չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, եւ այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն։

Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ։ Իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, թե նկարչություն, որվեստի բոլոր տեսակներից ամեն տարի լավագույն փառատոններն են անցկացվում։ Իրենք իրենց չափով են մտածում, իրենց պետք չի շփվել այդպիսի մշակույթի հետ, որովհետեւ նրանք սրտխառնոց կզգան, իրենց մակարդակի ցածրությունն ու տափակությունը կզգան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն՝ երբ եմ ես եղել այնտեղ։ Իրենք են անբարոյականը՛՛։

Սերժ Սարգսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նման են հեքիաթի. ՛՛Նորից եմ կրկնում՝ 24 ժամ իրենք այդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծնողները, իրենց այդ թայֆան, նույնիսկ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոխորհրդարանում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պետք է անեի, պետք է այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի։ Ես հիմա ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մորթելու եմ՛՛։

 

  • Կիսվել: