Սենց բան ես չեմ տեսել, ձե՞ռ եք առնում․ Մարուքյան-Ռուբինյան խոսակցությունը վեճի վերածվեց
Ես կարևոր եմ համարում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և կարծում եմ, որ վերջին շրջանում որոշ հայտարարություններ, կարող են ընկալվել որպես քաղաքական կամ անձնական բնույթի ճնշում ՍԴ դատավորների վրա: Այս մասին ԵԽԽՎ հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իմքայլական Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, որ որոշ շրջանակներից հնարավոր է ճնշում է գործադրվում ՍԴ դատավորների վրա, որպեսզի նրանք չօգտվեն վաղ կենսաթոշակի մասին օրենքից:
«Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի ՍԴ անդամները չդիմեն վաղ կենսաթոշակի համակարգին: Արդարադատության նախարարն իրողություն է վկայակոչում ու անհանգստություն հայտնում դրա վերաբերյալ: Օրեր անց Վենետիկի հանձնաժողովի նախագահն անում է նույնը»,-ասաց Ռուբինյանը:
Այստեղ Էդմոն Մարուքյանի «համբերության բաժակը լցվեց». «Բա ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցում: Իշխանությունները բողոքում են, որ դատավորները ճնշում են դատավորներին: Սա աբսուրդ է, սենց բան ես չեմ տեսել: Ձե՞ռ եք առնում»:
«Էտ դեպքում, եթե ձեր կարծիքով իշխանություններն են ճնշում, ինչո՞ւ դուք չեք հաղորդում տալիս: Ես Ձեզ հորդորում եմ հաղորդում տալ, եթե կարծում եք, որ իշխանությունները ճնշում են գործադրում»,-ասաց Իմ քայլի պատգամավորը:
«Ես Ջիանի Բուքիքիոն չեմ»,-արձագանքեց Մարուքյանը: