երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ 7 դատավորներ դիմել են իրավասու մարմիններին

ՍԴ 7 դատավորներ դիմել են իրավասու մարմիններին

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները: Սահմանադրական դատարանի 7 դատավորներ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրավասու մարմիններին կոչ անելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս պահպանել դատավորի անձեռնմխելիության հոդվածը։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Ալվինա Գյուլումյան
Արևիկ Պետրոսյան
Արման Դիլանյան
Հրանտ Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Արաիկ Թունյան
Ֆելիքս Թոխյան

ք․ Երևան
30 դեկտեմբերի 2019թ․

  • Կիսվել: