հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը:

Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական դինամիկայի մասին` հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կարեւորելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունն առաքելությանը:

Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ կանի առավելագույնը նպաստելու խորհրդարանական կապերի սերտացմանը: Էնդրյու Թըրները նույնպես կարեւորել է Կանադայի եւ Հայաստանի միջեւ ոլորտային համագործակցության զարգացումը:

  • Կիսվել: