Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):


