Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. պաշտպան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք։
Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանին երեկ հիվանդանոցից, որտեղ նա ստացիոնար բուժում էր ստանում, տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, իսկ այսօր «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանն վաղը տանը կլինի:
Նշենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք:
Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր կալանք։
Հիշեցնենք, որ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Տեսանյութը՝ ստորև.


