Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատական ակտը ստանալուց հետո գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:
«Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ»,-նշել են Դատախազությունից:
Այսօր ավելի վաղ Կարապետյանի փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


