ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ

Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` հայտնեցին հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։
 
«Ոչ, հարցը չի քննարկվել», - հայտնել են գրասենյակից:
Նշենք, որ մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի անկլավները:
 
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Նա կարծիք էր հայտնել, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ։
 
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: