Սահմանազատման գործընթացի շարունակությունն ու TRIPP նախագծի իրագործումը՝ ՔՊ նախընտրական ծրագրի առանցքային անելիքների շարքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյնա էջում հայտնել է, որ հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը:
Նշվում է, որ ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
Ծրագրում անդրադարձ կա 2026–2031 թվականների առանցքային անելիքներին, որոնցից առաջին հերթին նշվում է խաղաղության ինստիտուցիոնալացումը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։
Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են.
ա) ՔԽ,
բ) TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8–ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման,
գ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։
Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը»,-ասված է փաստաթղթում:


