շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սահմանադրության փոփոխությունների նախագծում հակասահմանադրական ընթացակարգեր չկան. Վլադիմիր Վարդանյան

Սահմանադրության փոփոխությունների նախագծում հակասահմանադրական ընթացակարգեր չկան. Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերում, որոնք նախատեսում են երկրում Սահմանադրական փոփոխություններ իրականացնել, հակասահմանադրական ընթացակարգեր չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Վերջինը, ի դեպ, չի միացել այն 37 պատգամավորներին, որոնք հեղինակել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան կամ առնվազն Սահմանադրության հետ կապված լրջագույն խնդիրներ այդ նախագծում չկան», -ընդգծեց Վարդանյանը: Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների բովանդակությանը, ապա ըստ Վարդանյանի, դրանք վերաբերում են այն հոդվածներին, որոնք հնարավոր է փոփոխել Ազգային ժողովի կողմից, հետևաբար ընթացակարի խախտում չկա:

Նկատենք, որ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը քիչ առաջ որոշել էր ԱԺ արտահերթ նիստը անցկացնել այսօր, ժամը 13:00-ին և օրակարգում միայն Սահմանադրական փոփոխությունների հարցն է: 37 պատգամավորներ առաջարկում են փոփոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը և պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու ևս 6 դատավորների, այսինքն՝ նրանց, որոնք ՍԴ անդամներ նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը:

  • Կիսվել: