կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սահմանադրական» տարի է լինելու. Մարուքյանն ամփոփել է 2019-ը

«Սահմանադրական» տարի է լինելու. Մարուքյանն ամփոփել է 2019-ը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց տարին: Նա նշեց, որ 2020-ի հունվարին որոշել են մեծ համաժողով կազմակերպել և ներկայացնել խմբակցության հաշվետվությունը:

Մարուքյանն ասաց. «Որպես ամենափոքր խմբակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել մեկ տարվա ընթացքում 66 օրենքի նախագիծ: Խորհրդարանի ռեսուրսներ շատ քիչ են, թույլ են` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից և մյուս խմբակցությունների համեմատ նախաձեռնողականությամբ առաջին տեղում է գտնվում»: Նա հավելեց, որ 66 նախագծից 15-ն ընդունվել է:

Պատգամավորը հայտնեց նաև, որ մեկ տարվա ընթացքում խմբակցությունը երկու անգամ ներկայացրել է Կառավարության առանձին վերցրած անդամի անվստահության հարց, առաջին դեպքում՝ Ֆինանսների նախարարությանն են ներկայացրել, երկրորդ դեպքում՝ շրջակա միջավայրի նախարարի:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ 151 առաջարկություն են ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են, և իրենք դեմ են քվեարկել բյուջեի նախագծին: Նա նշեց, որ 2700-ից ավելի գրություն է ստացել խմբակցությունը, դրանցից 500-ը անձամբ ինքն է ստացել:

Մարուքյանն ասաց նաև, որ 2020 թվականին սահմանադրաիրավական հարցերին վերաբերող ծրագրեր ունեն և ըստ նրա շատ «սահմանադրական» տարի է լինելու: «Շատ դժվար է հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն  և լինել լեգիտիմ իշխանության ընդդիմություն, բայց մենք մեր ակտիվությունը ցուցաբերել ենք»,-ասաց նա:

Խոսելով նախարարների աշխատանքի մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց.«Հիմա ասուլիսներ են տալիս նախարարները, և մեկը ասում է՝ ես ամենալավն եմ, մյուսն ասում է՝ ես եմ ամենալավը: Մեր կարծիքով տարածքային կառավարման նախարարությունն է ամենալավ աշխատողը և նախարար Սուրեն Պապիկյանն է որպես լավ աշխատող նախարար, ամենավատ աշխատողը, իմ կարծիքով, բնապահպանության նախարարությունն է, նախարարը, որին վերջերս անվստահություն հայտնեցինք»:

  • Կիսվել: