Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակաիրավական թուղթ է. Զոհրաբյան
Չկա լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի և չհորդորի այդ նախագիծը չքննարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից առաջարկված «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, Զոհրաբյանը նշեց․
«Մեծապես հարգելով նաև իմ նախկին գործընկերոջը, պետք է ասեմ, որ այնտեղ օրենսդրական նախաձեռնություն չկար, դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ էր: Ես նույնիսկ դա չեմ համարի օրենքի նախագիծ, չեմ անվանի փաստաթուղթ, որի նպատակն է լուսանցք մղել, մարգինալացնել, խաղից դուրս թողնել Սահմանադրական դատարանը, և եթե ամսի 6-ին այս դահլիճում, այս նախագիծը կանցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ կանցնի, ապա այն իսկապես բերելու է լրջագույն և խորքային ձևախեղումների և շատ ծանր հետևանքների, ինչի մասին խոսում են իմ կողմից հարգված իրավաբանները: Չկա լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի և չհորդորի այդ նախագիծը չքննարկել»,- ասաց նա: