կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը. Արծվիկ Մինասյան

Սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երեկ ՔՊ-ական պատգամավորների՝ Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունը բոյկոտելը նոնսենս է համարում։

«Սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում»,- ԱԺ-ում հայտարարեց Մինասյանը։

Ըստ նրա՝ սա ուղերձ է ՀՀ քաղաքացիներին, որ այն անձը, որն իրենց սրտով չէ, որը չի անցել իրենց թրի տակով կամ այն անձը, որը կփորձի  ցուցաբերել որոշակի համարձակություն՝ առաջնորդվելու իրավունքի գերակայությամբ, տեղ չունի պետական համակարգում, ավելին՝ սահմանադրական արդարադատության համակարգում։

«Իշխանությունն ասաց հետևյալը՝ եթե չենք ցանկանում, դուք չեք լինի, սա է ասվել ձեզ, հարգելի՛ դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը, դուք իշխանության վարքագծին պետք է արձագանքեք։ Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանության բռնաճնշումներին»,- ընդգծեց Մինասյանը։

Նա ընդգծեց՝ լուսավոր ապագա ունենալու համար այս իշխանությունից օր առաջ պետք է հրաժարվել։

Հիշեցնենք՝ Դավիթ Բալայանը երեկ չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 32 պատգամավոր։

Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։

  • Կիսվել: