երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Սա լրիվ համընկնում է «Խաղաղության խաչմերուկի»՝ մեր նախաձեռնության հետ. Միրզոյանը՝ Օմանում ՀՀ դեսպանատուն բացելու մասին

Սա լրիվ համընկնում է «Խաղաղության խաչմերուկի»՝ մեր նախաձեռնության հետ. Միրզոյանը՝ Օմանում ՀՀ դեսպանատուն բացելու մասին

Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված որոշման նախագծին, որն առնչվում է Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացելու համար պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին շուրջ 52 մլն դրամի հատկացմանը:

Ըստ Փաշինյանի՝ դեսպանատան բացումը կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման տեսանկյունից. «Մեր դեսպանատների ցանցն աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից»:

Այս համատեքստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատեց՝ Հայաստանի և Օմանի հարաբերություններում և՛ քաղաքական երկխոսության, և՛ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա:

«Մենք շատ լավ փոխըմբռնում ունենք բազմաթիվ հարցերի շուրջ և նաև տեսնում ենք, թե ներուժն ինչպես կարող ենք իրացնել: Մի օրինակ կարող եմ ներկայացնել. Օմանն իր ծովային և այլ ենթակառուցվածքներն է զարգացնում, և մենք Օմանի ծովային, օդային, ցամաքային տարածքները կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի և այլ առումներով ավելի լավ օգտագործել: Սա լրիվ համընկնում է «Խաղաղության խաչմերուկի»՝ մեր նախաձեռնության հետ, նաև դրա մաս է»,- ասաց նախարարը:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ բացվող դեսպանատների տարածքները ոչ թե վարձակալվեն, այլ գնվեն. «Երկարաժամկետ քաղաքականություն պետք  է լինի, որ մենք սեփական շենքեր ունենանք, որովհետև դա ՀՀ-ի գույքն է, ունեցվածքն է այն տեղերում և այն քաղաքներում, որտեղ անշարժ գույքի գները շարունակաբար աճում են և շարունակելու են աճել: Դա արդարացված ներդրում է»:

Վարչապետը նաև նկատեց՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, և որ դա կարևոր է Հայաստանի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում՝ Բուդապեշտում:

  • Կիսվել: