Սա դեռևս տարօրինակ պատմություն է. Մնացականյանը՝ ՌԴ Արմավիրում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին
Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նաև լրագրողների՝ օրակարգից դուրս հարցերին: Նա, մասնավորապես, անդրադարձավ Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում ապամոնտաժված՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակին
«Եղել է մեկնաբանություն տեղի հայ համայնքի կողմից, որ հանվել է վերանորոգման նպատակով. դա համայնքի մեկնաբանությունն էր: Անկեղծ ասած, այս պահի դրությամբ, դեռևս երևում է որպես տարօրինակ պատմություն: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք և այդ ուղղությամբ մենք, մեր գործընկերները, Մոկվայում մեր դեսպանությունը աշխատում ենք»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց, որ հուշատախտակը եկեղեցու տարածքում է՝ իր սեփականություն հանդիսացող տարածքում, եկեղեցին գործում է առանձին, և՛ եկեղեցին և՛ պետությունը միմյանցից տարանջատված են: «Այդ առումով ես ուղղակի որոշ չափով զգուշություն պետք է ցուցաբերեմ իմ մեկնաբանությունների մեջ: Բնականաբար, չէի ցանկանա, որ այս հարցը նաև այնպիսի զարգացում ստանար, որ վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, տաներ մեզ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարթություն: Այդ առումով է, որ դեռևս, հաշվի առնելով, որ առկա է եկեղեցու համայնքի կողմից արված հայտարարությունը, որոշ չափով լրացուցիչ տեղեկության կարիք ունենք և կշարունակենք հետևել»,-եզրափակեց Մնացականյանը: