Սա անելու բան չի. Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ազգային ժողովն այսօր քառօրյայի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան« խմբակցությունների ներկայացրած նախագծերը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացնելով «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ այսօր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձը, վերադառնալով Հայաստան, միանգամից ենթարկվում է քրեական հետապնդման. «Միջին ծանրության հանցագործությունը հավասարեցվում է մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Սա պետք է հանել և օրենքը թողնել նույնը»:
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ նկատեց, որ կա հստակ գիծ և այս օրենքը չի կարող անվերջ շարունակվել, բանակից խուսափել այլևս չի լինելու. «Պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր է»
«Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ կոչ արեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի կողմից ներկայացված և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերին, ինչը վրդովեցրեց ԼՎԿ խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանին։ Նա նշեց, որ «սա ձև չի, սա անելու բան չի», որ անում է «Իմ քայլը» խմբակցությունը։
«Այսօր մերժվեց մեր ներկայացված չորս նախագիծ: Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք մեկ այլ փիլիսոփայություն ունեք, երևի, և այլ կերպ եք ցանկանում այդ խնդիրները լուծել, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ասել, որ ձեզ իրապես մեծ ապագա է սպասում, որովհետև այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելիս, ուղղակի ապշած եմ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Սուրեն Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ Մարուքյանի կանխատեսումը իրականություն կդառնա. «Շնորհակալ եմ նման կանխատեսման համար, պարոն Մարուքյան»։