շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա ակնհայտ սկանդալային դրվագ է՝ դաշնակիցներն այդպես չեն վարվում․ Զատուլինը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ-ի որոշման մասին

Սա ակնհայտ սկանդալային դրվագ է՝ դաշնակիցներն այդպես չեն վարվում․ Զատուլինը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ-ի որոշման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո վկայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ մերձեցման կուրս գնալու նրա ցանկության մասին, սակայն Մոսկվան չպետք է խաչ դնի այս տարածաշրջանի վրա։ Այս մասին NSN-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանին Զատուլինը։

Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց Հռոմի կանոնադրությունը երկրի սահմանադրությանը համապատասխանող։ 

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին զգուշացրել է Հայաստանի իշխանություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին լուրի համատեքստում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու դեպքում ծայրահեղ բացասական հետևանքների մասին։

Զատուլինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարժվում են Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու ընտրված ճանապարհով, թեև Ղարաբաղի հայերի անվտանգության հարցում ամեն ինչը կապված է Մոսկվայի հետ․

«Բայց փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այս տարածքը։ Ինքը՝ վարչապետը, Ղարաբաղի հայերին յուրային չի համարում։ Ընդհակառակը, սա ժողովրդի կասկածելի մասն  է համարում, որը ժամանակին մուտքի տոմս է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այսինքն՝ նրա քաղաքական կյանքի մրցակիցների»։

Պատգամավորը սկանդալային դրվագ է անվանել Հռոմի ստատուտի ճանաչումը և հորդորել սպասել վավերացման վերաբերյալ խորհրդարանի որոշմանը։

«Սա ակնհայտ սկանդալային դրվագ է։ Այժմ ուկրաինական ալիքների բոլոր անկյուններում ակտիվորեն հնչում է Հայաստանի դիրքորոշումը։ Դաշնակիցները, իհարկե, այդպես չեն վարվում։ Իսկ այսօրվա հարաբերությունների այս վիճակը հաստատելու համար բավական է միայն այս որոշումը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը «գլխատվեց» Փաշինյանի կողմից, նրա նախկին ղեկավարությունը պաշտոնանկ արվեց և ահաբեկվեց: Այդ պատճառով էլ ցանկացած փորձ՝ ձևացնելու, թե այն անկախ մարմնի որոշումն է, ուղղակի ծիծաղելի է։ Հիմա Հռոմի ստատուտը պետք է վավերացվի կամ չվավերացվի խորհրդարանի կողմից, իսկ նման որոշում կայացնելուց հետո ընդհանրապես կասկած չի մնա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները ձևացնում են, թե դա անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պայքարելու համար, բայց իրականում, ինչպես տեսնում ենք, դա արվում է նոր ընկերներին՝ Շառլ Միշելին և վարչապետ Փաշինյանի մյուս զրուցակիցներին հավատարմություն ցուցաբերելու համար»,-հավելեց Զատուլինը։

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը չպետք է զիջի ազդեցությունը տարածաշրջանում։ 

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ցանկությունը, որը, ըստ հայկական կողմի, հնարավորություն կտա դիմել այդ դատարան Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասով։

Հռոմի ստատուսին միանալով ՀՀ-ն պարտավորվում է Միջազգային քրեական դատարանի որոշումները կատարել, այդ թվում և ձերբակալել այդ մարմնի կողմից հետախուզում հայտարարված մարդկանց։ 

  • Կիսվել: