ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է ՀՀ-ին. Արմեն Սարգսյան

Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է ՀՀ-ին. Արմեն Սարգսյան

Հայաստանը դեռևս չի հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները: Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Asia Times-ի հետ հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի հետևանքով ամենաշատ տուժած զբոսաշրջության ոլորտի առնչությամբ ինչ տեսլական ունի: Այս մասին  տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

«Մենք մեծապես գնահատում ենք մեր բոլոր բարեկամների աջակցությունը: Շատ երկրներում ունենք լավ բարեկամներ: Պետական այցով եղել եմ Իտալիայում, և Իտալիայի կառավարությունը խոստացել է աջակցել Հայաստանին՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրելով։ Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է Հայաստանին»,–ասել է նախագահը։
 
Նրա խոսքով` Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ. Ռուսաստանում, հավանաբար, նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում կամ Ամերիկայում։
 
Սարգսյանը նշել է, որ հարցն այն է, թե որքան արդյունավետ ենք օգտագործում մեր ուժը։ Նրա կարծիքով` Ադրբեջանը վերջին 26 տարվա ընթացքում բավականին արդյունավետ օգտագործեց իր ուժը՝ նավթը։ Իսկ Հայաստանի ուժը Սփյուռքն է։
 
«Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում այն: Անկեղծ ասած, մենք դեռևս այդպես չենք անում։ Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես այդ տաղանդավոր մարդկանց, նրանց փորձառությունը, գիտելիքները ու հայկական փողերը դրսից բերենք Հայաստան։ Այն պահին, երբ դա սովորենք՝ իսկապես հաջողակ կլինենք»,–ասել է նա։

  • Կիսվել: