Ռուսաստանը ողջունում է հայ գերիների վերադարձը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերու ազատ արձակումը և նրանց վերադարձը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս հինգ հայ գերի: Ողջունում ենք Բաքվի այդ քայլը: Հույս ենք հայտնում, որ պահվող անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի՛՛:
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ կողմերը փոխանակել են 122 պահվող անձի. Հայաստան է վերադարձել 105 մարդ, Ադրբեջան՝ 17:
Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Մոսկվան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման համար:


