Ռուսաստանը միշտ պատրաստ է կանգնել հայ ժողովրդի կողքին․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հարցազրույց է տվել ՛՛Նովոյե վրեմյա՛՛ թերթին, որտեղ ասել է, որ տարիների ընթացքում ռուս-հայկական համագործակցությունը ձեռք է բերել իրապես դաշնակցային բնույթ և առանձնանում է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ:
Ռուդենկոն, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերի և նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը։ Այսօր ռուս խաղաղապահները տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորն են։ Ռուսաստանը շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն է տրամադրել պատերազմում տուժածներին օգնելու համար՛՛:
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է կանգնել հայ ժողովրդի կողքին. ՛՛Ռուսաստանը մինչ այժմ համարվում է Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողներից մեկը: Հայկական կողմի տվյալներով՝ Ռուսաստանի համախառն ներդրումները 2020 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է: Ինտենսիվորեն զարգանում է նաև քաղաքական երկխոսությունը՛՛:
Ռուդենկոն համատեղ փոխգործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ հարթակներում անվանել է երկկողմ համագործակցության անբաժանելի մաս՝ ասելով. ՛՛Մենք մեր հայ և այլ գործընկերների հետ աշխատում ենք ընդհանուր շուկաների և բնակչության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ՛՛:
Նա անդրադարձել է նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում համագործակցությանը: Այս առնչությամբ Ռուդենկոն նշել է, որ 2020-2021 թթ. Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել 50 հազար ախտորոշիչ թեստ-համակարգեր, ոչ կոնտակտային ջերմաչափեր, ինչպես նաև ավելի քան 2 հազար չափաբաժին պատվաստանյութ. ՛՛Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին մատակարարելու վերաբերյալ՛՛:


