շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ Թուրքիան իրեն խաբի․ Զատուլին

Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ Թուրքիան իրեն խաբի․ Զատուլին

Կովկասում ռուսական քաղաքականությունը վարվում է` հաշվի առնելով Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հետ կապված պատմական հիշողությունը։

Այս մասին «Ցեղասպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ»  խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ բոլշևիկների և քեմալական Թուրքիայի միջև ստորագրված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։

Զատուլինը հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի նախագահի սկզբունքային դիրքորոշման մասին, երբ 2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահը ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ու հստակ ներկայացրել ՌԴ-ի տեսակետը.
՛՛Հիշում եմ՝ այն ժամանակ որքան էին համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը նախընտրեց գնալ և ասել, թե ինչ է եղել իրականում։ Հիմա էլ, մեկնաբանելով Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Պուտինը բացատրեց, թե ինչու է դեմ թուրք խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելուն։ Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն ամեն տեսակի աջակցության է արժանի՛՛։
 
Ըստ Զատուլինի՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայից հնչող ՛՛քաղցր՛՛ ելույթներով։ Նա ասել է, որ պետք է ճշմարտության աչքերին նայել և թույլ չտալ, որ Ռուսաստանին ՛՛քաշեն՛՛։
 
Պատգամավորը նշել է, որ Ցեղասպանության թեման առաջացնում է ոչ միայն պատմական մեղքի և ապաշխարության խնդիր, այլև խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին։ Հարցն այն է, որ աշխարհում հիմա բազմաթիվ շահարկումներ են արվում ու քայլեր` ՛՛ցեղասպանություն՛՛ բառը ժողովուրդների մեջ տեղի ունեցող ցանկացած հանցագործության վերագրելու։
 
՛՛Մենք լսել ենք այսպես կոչված «սովասպանության» մասին, լսել ենք Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ժամանակ Խոջալուի մասին։ Բայց ցեղասպանությունն ունի համակարգային սահմանումներ։ Դրանք փաստագրված ակտեր են, մի ամբողջ ժողովրդի ոչնչացման որոշումներ։ Նման բան «սովասպանության» կամ Խոջալուի դեպքում չի եղել՛՛,-ասել է կոնստանտին Զատուլինը:
 
Նա հավելել է, որ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին։
 
Անդրադառնալով Մոսկվայի պայմանագրին և դրան հաջորդած ՛՛սիրախաղըին՛՛ այն ժամանակվա Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում, որը տևեց ընդհուպ մինչև Աթաթուրքի մահը` Զատուլինն ասել է, որ դա չխանգարեց Թուրքիային Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի վրա հարձակման ծրագրեր մշակել։

  • Կիսվել: