երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացվել է աշխարհին, մեծ հնարավորություններ են ստեղծվել. Գրիգորյան

Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացվել է աշխարհին, մեծ հնարավորություններ են ստեղծվել. Գրիգորյան

Հայաստանն անվտանգային համակարգից զատ դիֆերսիֆիկացնում է նաև տնտեսությունը. 2023 թվականին առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ մոտ 250 մլն դոլարով: Այս մասին մարտի մեկին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է, երրորդում՝ Ռուսաստանը՝ 50 մլն դոլարից քիչ ծավալով։

՛՛Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացվել է աշխարհին, մեծ հնարավորություններ են ստեղծվել։ ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարի 2․8 մլրդ դոլարի է հասել՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 350 տոկոսով՛՛,-ընդգեց Գրիգորյանը։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Հայաստանից արտահանումը չի դիվերսիֆիկացվում, այլ ընդհակառակը՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները մեծացել են, Գրիգորյանն արձագանքեց՝ հիմա աշխատում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։

՛՛Աշխատում ենք ԵՄ-ի հետ՝ բերելու մեր տնտեսությունն այնպիսի կարգավորումների, որպեսզի մեր արտադրանքը մրցունակ դառնա նաև եվրոպական շուկայում և համապատասխանի ԵՄ չափանիշներին, բայց նաև փնտրում ենք այլ շուկաներ՛՛,-պարզաբանեց նա:

  • Կիսվել: