Ռուսական ընկերությունը Երևանում մետրոյի կայարան կկառուցի․ ինչ և ինչպես կթարմացնի «Մետրոհիպրոտրանսը»
Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի կայարանի նախագծման մրցույթում: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պատվավոր շինարար Վալերի Աբրամսոնը։
Ընկերությունը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել մետրոպոլիտենի զարգացման 500 մլն դոլարի նախագիծ։ Այս ծրագիրը շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել արտահանման վարկերի ապահովագրման ռուսական գործակալությունը։
«Նախագծային աշխատանքների համար կպահանջվի 1,5 տարի, սակայն եթե Կառավարությունը հավանություն տա առաջարկին, ապա մենք կաշխատենք ավելի ակտիվ եւ դիվերսիֆիկացված, որպեսզի նախագծումը մի քանի փուլերի բաժանենք եւ սկսենք տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ։ Այդ դեպքում շինարարությունը կարող է մեկնարկել մեկ տարվա ընթացքում», - նշել է Աբրամսոնը։
Գործարարը նաև տեղեկացրել է, որ հայկական կողմին առաջարկվել է փոփոխել մրցույթի նախագիծը, և Հրազդանի կիրճի մետրոպոլիտենի կամրջի փոխարեն կառուցել կրկնակի նշանակության կամուրջ՝ ավտոմոբիլային երթևեկության հնարավորությամբ:
«Ես խնդրեցի մեր ճարտարապետներին նախագծել երկհարկանի գեղեցիկ կամուրջ, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», - պատմեց նա:
Բացի այդ, ընկերությունը նախատեսում է հայ մասնագետների ներգրավել շինարարության մեջ, նոր աշխատատեղեր բացել եւ ոչ միայն:
Աբրամսոնը հիշեցրել է, որ «Մետրոգիպրոտրանսը» հիմնադրվել է 1933 թվականին։ Ընկերության փորձառու մասնագետները մասնակցել են Երեւանի մետրոպոլիտենի նախագծմանը անցյալում, եւ այժմ նրանք անհամբերությամբ են սպասում այդ նախագծի աշխատանքին: Ռուսական ընկերությունը համագործակցել է «Հայգիպրոտրանսի» հետ, իսկ այժմ, եթե նախագիծը հավանության արժանանա և իրականացվի, ապա Հայաստանում կարող է ձևավորվել նոր նախագծային ինստիտուտ։
«Մենք պատրաստ ենք գեղեցիկ և լավ կազմակերպված մետրո կառուցել, սակայն որոշումը պետք է կայացնեն քաղաքն ու իշխանությունները», - ասաց ճարտարապետը:
«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նաեւ նշել է Հայկական Սփյուռքի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի դերը, ով օգնել է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հաղորդակցություն հաստատել: Նրա ջանքերի շնորհիվ հաջողվեց համաձայնեցնել նախագծերը Հայաստանի իշխանությունների հետ եւ կապ հաստատել շահագրգիռ ներդրողների հետ։


