ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական հեռուստաալիքները 6 տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են մղում ՀՀ կառավարության և անձամբ իմ դեմ. Փաշինյան

Ռուսական հեռուստաալիքները 6 տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են մղում ՀՀ կառավարության և անձամբ իմ դեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով France 24-ի թղթակցի հարցին` արդյոք շարունակո՞ւմ է մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է իշխանությունից հեռացնել իրեն:

Այս առնչությամբ Փաշինյանը նշել է. «Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում»:

Հարցին` այսօր դա շարունակվո՞ւմ է, նա արձագանքել է.

«Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում»:

Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք ՀՀ վարչապետը հիմա խոսո՞ւմ է Վլադիմիր Պուտինի հետ, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ իրենք դեկտեմբերին շփումներ են ունեցել, խոսել են:

Հարցին` վստահո՞ւմ է նրան, Փաշինյանը պատասխանել է.

«Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»

  • Կիսվել: