ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին

«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին

ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամներն այժմ փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ` հասկանալու, թե որն էր գերիների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը։

«Գերիների հարցն առանձին փաթեթով է քվեարկության դրվել։ Չգիտեմ` ինչո՞ւ են մեր ռուս գործընկերները նման դիրքորոշում հայտնել։ Հիմա մեր պատվիրակության տարբեր անդամներ փորձում են կապ հաստատել նրանց հետ` հասկանալու, թե ինչու է այդպես ստացվել»,–Sputnik Արմենիային տեղեկացրեց Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է։ Մարությանը նշեց, որ այսօր ելույթներ են նախատեսված, և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կստացվի, որ տեխնիկական խնդիր էր ընդամենը։

Մարուքյանը նշեց նաև, որ իրեն հուշել են` օնլայն են մասնակցել քվեարկությանը ռուսական կողմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք դեմ են քվեարկել նախագծին։

«Ուկրաինական կողմի հետ Հայաստանն, օրինակ, աշխատանք էր տարել, և նրանք չեն մասնակցել քվեարկությանը։ Եթե նման խնդիր է լինում` չկողմնորոշվելու, լավագույն տարբերակը չմասնակցելն է։ Սակայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը գերիների վերադարձն է, ինչի մասին բազմիցս շեշտել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,–նշեց Մարուքյանը։

Անդրադառնալով այսօր նախատեսված քննարկմանը` Մարուքյանը նշեց, որ մինչ այս պահը միջազգային մակարդակում նման բարձր մակարդակով գերիների վերադարձի հարցը չի քննարկվել։ Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այս քննարկումը` Մարուքյանը նշեց, թե ժամանակը ցույց կտա։

Նշենք, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս անդամները ձեռնպահ են քվեարկել: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։

  • Կիսվել: