կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է  Ռումինահայոց միության տարեկան Գլխավոր համաժողովին

Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ռումինահայոց միության տարեկան Գլխավոր համաժողովին

Մարտի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինահայոց միության տարեկան Գլխավոր համաժողովին։ Ողջունելով ՌՀՄ ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Ոսկանյանի, փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի և ՌՀՄ մասնաճյուղերի ղեկավարների, դեսպանը կարևորեց Միության հայանպաստ ու հայապահպան գործունեությունը, հայտնում են դեսպանությունից։

Դեսպանը հատուկ ընդգծեց համայնքի գնահատելի գործունեությունն ինչպես Ադրբեջանի կողմից 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, այնպես էլ 2022թ․ ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռումինիա անցած մեր հայրենակիցների ընդունման և ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մինասյանը նաև հույս հայտնեց, որ ռումինահայ համայնքը շարունակելու է իր նշանակալի սատարումը պատմական հայրենիքին՝ հաղթահարելու Արցախի և Հայաստանի դեմ կանգնած նոր մարտահրավերները։

Դեսպանության հետ մշտական սերտ համագործակցության ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով Ռումինիայում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար՝ ՌՀՄ մի քանի մասնաճյուղերի ղեկավարներին հանձնվեցին Ռումինիայում ՀՀ դեսպանության շնորհակալագրերը։

  • Կիսվել: