Ռուբեն Վարդանյանի «հանցագործությունը» պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր. Գենսեր
Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբենը քաղբանտարկյալ է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։
Նրա իրական հանցագործությունը պարզապես Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Հարավային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անվանում են Արցախ: Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատև ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնյաների ներկայության ցանկացած հետք վերացնելու համար՛՛:
Գենսերը հիշեցրել է, որ անցյալ տարի հրապարակված զեկույցում ՛՛Ճշմարտության և արդարադատության կենտրոնը՛՛ փաստաթղթավորել է 500 պատմական վայրի և 6000 հայկական հուշարձանի, դրանց թվում՝ եկեղեցիների և վանքերի պղծման կամ ոչնչացման բազմաթիվ օրինակներ։
Նա հավելել է. ՛՛Եվ Ռուբենի շարունակական բանտարկությունը մնում է Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշը։ Եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դեմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են՛՛: