կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հիասթափություն է առաջացնում․ Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հիասթափություն է առաջացնում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ խորը հիասթափություն հայտնելով Ռուաստանի ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ։ 

«ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությունը, որը մեկնաբանում է եռակողմ համաձայնագիրը և խաղաղության գործընթացը, թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում։ Այն չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասված է հայտարարությունում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը նման համատեքստում։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար։

«Ադրբեջանը ցույց է տվել իր շարունակական հավատարմությունն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրին, սակայն ռուսական կողմն իր պարտավորությունների շրջանակներում չի ապահովել հայտարարության լիարժեք կատարումը։ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ և շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար։ 

  • Կիսվել: