չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թ-ին. վարչապետ

Ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թ-ին. վարչապետ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Մատենադարանում մեկնարկած հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի թռիչքաձև զարգացման համահայկական օրակարգը:

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշեց, թե ինչու է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն։

«Եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում ձևակերպե՞լ էինք միտք, թե ինչպիսին էինք մենք պատկերացնում Հայաստանը 2020-ին:  Ցավոք, պիտի արձանագրեմ, որ առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Ես կուզենայի ռազմավարության նշանակությունը սեղմել՝ հասցնելով 1 օրվա կտրվածքի:

Եվ պատկերացրեք՝ այդ մեկ օրն առավոտյան արթնանում ենք և չգիտենք ուր գնալ, այսինքն՝ չգիտենք մեր անելիքը: Եվ ի՞նչ կլինի այդ պարագայում. կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Հետևաբար Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050-ին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարությունն ունի գործնական նշանակություն, հետևաբար պարունակում է գաղափար, տեսլական ու գործողություններ:

«Այս պահից սկսած Կառավարության ցանկացած գործողություն և ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանն ուղղված գործողությունների: Պետք է մեզ համար պարզ լինի, թե այդ որոշումը ինչպիսի գործողություն է դառնում, որն իրականացնում է այն տեսլականը, որը պետք է ծառայի այն գաղափարին, որը դրված է մեր ռազմավարության հիմքում»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, այլ ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան:

«Այսպիսով, մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը ոչ պաշտոնական լեզվով կարող ենք ձևակերպել որպես երազանք: Այն ոչ միայն փոփոխություններ է ենթադրում պետական կառավարման համակարգում, այլև ենթադրում է ինչ-որ կառուցակարգերի, կանոնակարգերի, օրենքների փոփոխություններ: Այդ փոփոխությունները պետք է խորքային լինեն՝ մեզնից յուրաքանչյուրի մոտ, մեր մտքերում, մեր վերաբերմունքի մեջ»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա, այդ երազանքի և այդ մտավոր փոփոխությունների արդյունքում կլինի թռիչքաձև զարգացում:  

«Այս փաստաթուղթն այպես չէ, որ մինչև 2050 թվականը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա, այս ամենի շուրջ պետք է տեղի ունենա քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել: Այս ռազմավաարությունը ոչ միայն բարեփոխումների մասին է, այլև փոխակերպումների: Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների  գործընթաց, և դրանք պետք է տեղի ունենան բոլոր շերտերում ու բոլոր տեղերում՝ այդ թվում՝ հանրային հարաբերություններում: ՀՀ կամայական երկու քաղաքացիների միջև հարաբերություններում այս ռազմավաարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

  • Կիսվել: