երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռազմաքաղաքական պայմանագիրը մեր սիրտն ու հոգին շոյում է, բայց կենացների փոխարեն հաշվարկ անենք՝ ի՞նչ է տալու այժմ դրա ստորագրումը

Ռազմաքաղաքական պայմանագիրը մեր սիրտն ու հոգին շոյում է, բայց կենացների փոխարեն հաշվարկ անենք՝ ի՞նչ է տալու այժմ դրա ստորագրումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, այս օրերին կրկին ակտիվացել են Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Մեր եթերում Արցախի ԱԳ նախարար Մ. Մայիլյանն ասել է, որ ռազմաքաղաքական պայմանագիրը Հայաստանին կփրկի արտաքին ճնշումներից։ Ավելի վաղ էլ ՀՅԴ Բյուրոն էր այս թեմայով հայտարարություն տարածել՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրմամբ Արցախը հնարավորություն կստանա վերադառնալու բանակցությունների սեղանին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչքանո՞վ է հիմա հարմար պահը։

– Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու առհասարակ կարևորում ենք այդ փաստաթղթի ստորագրումը։ Բայց պետք է համապարփակ ձևով ամեն ինչ հաշվի առնել ու ճիշտ պահն ընտրել՝ ի՞նչ կտա այդ պայմանագրի ստորագրումը հիմա, ի՞նչ ռեակցիա կարող է առաջացնել տարածաշրջանում, գլոբալ հարթությունում, ի՞նչ հոսանքների հետ ենք բախվելու, արդյոք պե՞տք է այս պահին դրանց հետ բախվենք, թե՞ պետք չէ։ Այդ պայմանագիրն այժմ պաշտոնապես չկա, բայց իրականությունն այն է, որ մեր փոխգործակցությունը գտնվում է  բարձր մակարդակի վրա, շատ սերտ է, բայց արդյոք ստորագրումը չի՞ կարող նոր բարդություններ բերել մեզ համար։ Այս ամենը  մենք պետք է հաշվի առնենք։ Անթույլատրելի եմ  համարում զգացմունքային որևէ դրսևորում, սա աշխարհաքաղաքականություն է, այստեղ զգացմունքների ոլորտը չէ։ Մենք պետք է բոլոր հարթություններում ամեն ինչ հաշվի առնենք։ Իհարկե, պայմանագրի գաղափարը շատ լավն է, շատ հոգեհարազատ է, շոյում է մեր սիրտը, հոգին, բայց պետք է ամեն ինչ հաշվի առնենք ու ճիշտ պահը ընտրենք։

– Կարծում եք՝ հիմա ստորագրելով որոշակի խնդիրնե՞ր կառաջանան։

– Պետք է ճիշտ պահն ընտրենք, շտապողականություն պետք չէ։ Համապարփակ քննարկում է պետք, թե ինչ է  տալիս։ Մտածել, որ այս պայմանագրի ստորագրումից հետո կվերականգնվի բանակցային լիարժեք գործընթացը՝ ես չեմ կարծում, որ դա այդպես է, որովհետև բանակցային գործընթացը նման պայմանագրերով չի որոշվում։ Նույնիսկ երբ կա ԵԱՀԿ Բուդապեշտի հիմնադիր գագաթաժողովի որոշումը, թե ովքեր են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կողմերը, հստակ այստեղ նշված է Արցախը որպես կողմ, բայց ԵԱՀԿ-ն իր իսկ ընդունած որոշումը երկու տասնամյակից ավելի է՝ չի կարողանում կիրառել։ Ուստի կապել պայմանագրի ստորագրումը բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման հետ՝ ճիշտ չէ։ Իհարկե, պայմանագիրը կարևոր է, որևէ մեկը չի կարող դա ժխտել։ Բայց արդյոք հիմա դրա պա՞հն է, պետք է լավ մտածենք, գցենք-բռնենք՝ 7 անգամ, 15, նույնիսկ 115 անգամ չափենք, նոր կտրենք։ Սա, կրկնում եմ, էմոցիաների տիրույթ չէ, արդյոք նման պայմանագրի դե յուրե չլինելը ազդո՞ւմ է  դե ֆակտո մեր գործակցության վրա, թե՞ ոչ։ Իսկ ստորագրումը բերելո՞ւ է ավելորդ գլխացավանք ու խնդիրներ, թե՞ ոչ։

– Օրինակ՝ Սերժ Սարգսյանն օրերս նշեց, որ 2016 թվականի ապրիլին այդ պայմանագիրը պատրաստ է եղել, բայց դա նման է «Իսկանդերի» կոճակը սեղմելուն։ Համակարծի՞ք եք այդ գնահատականի հետ։

– Նման կարևորագույն փաստաթղթերի ստորագրումը  կամ, օրինակ, մայր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կարող է և պետք է լինի ճգնաժամային պայմաններում։ Իսկ այժմ, երբ ճգնաժամային վիճակ չկա, պետք է հաշվարկ անենք՝ դա ստորագրելը կբերի՞ ճգնաժամային իրավիճակի, մեզ պե՞տք է այդ վիճակը, թե՞ ոչ։ Պե՞տք են նոր խնդիրներ։ Խնդիրն էմոցիաները չեն, դրանք միայն վատ հետևանքների  են հանգեցնելու։ Մենք պետք է սառը աշխարհաքաղաքական հաշվարկ կատարենք։

  • Կիսվել: