երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալն ընդունելի չեմ համարում. Մակունց

Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալն ընդունելի չեմ համարում. Մակունց

«Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալն ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ կապ չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենց անվան հետ կապվող քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն:

Նրա խոսքով, քաղաքական հարթության մեջ իրենք իրենց ընդդիմախոսներին քաղաքական արձագանք միշտ տալիս են, եթե համաձայն չունեն նրանց հայտարարությունների հետ: «Իսկ քրեական գործերի հետ կապված որևէ մեկնաբանություն չունեմ»,- հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի չկալանավորելու որոշումից հետո արդյոք քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվել են՝  խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Որևէ քաղաքական պայմանավորվածություններ որևէ ուժի հետ չկան»։

Դիտարկմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկզբում պահանջում էր կառավարության հրաժարականը, այժմ՝ առանձին նախարարների, արդյոք դա կապվա՞ծ է նրան չկալանավորելու հանգամանքի հետ, Մակունցը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես հայտնում եմ, որ որևէ քաղաքական պայմանավորվածություն չի եղել և չկա»:

Անդրադառնալով հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը, որովհետև վերջինս խախտել է և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ հանձնաժողովը անկախ գործող մարմին է.

«Քաղաքական ենթատեքստերից կարծում եմ պետք է զերծ մնալ, հանձնաժողովը անկախ գործող մարմին է, այն որոշումները, կամ եզրակացությունները, որ իրենք տալիս են անցնում է որոշակի ընթացակարգով, դրան էլ հետևում է առանձին ընթացակարգ, ինչով բոլորս պետք է շարժվենք»։

Դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունն է նման հարցով դիմել հանձնաժողովին, խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Արդարադատության նախարարությանը դիմեք, թե ինչ հիմքով է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մենք այդ գործընթացի հետ կապ չունենք: Երբ հարցը կգտնվի ԱԺ-ի տիրույթում, մենք կարձագանքենք դրան»:

  • Կիսվել: