հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց

Հայաստանի Հանրապետությունը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որի առանցքում Հայաստանի Հանրապետության անվտանգային շահն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանի քայլերը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ճանապարհին բավարար չեն, որ պետք է ավելին անել։

Մակունցի համոզմամբ, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն պահանջվում են ժամանակ և հետևողական ջանքեր՝ ընդ որում տարբեր ուղղություններով։

«Հայաստանը վարում է պրոակտիվ դիվանագիտություն Վաշինգտոնում՝ փորձելով ներկա մարտահրավերներով Հայաստանն ավելի ընկալելի դարձնել  ԱՄՆ-ի համար, եւ իհարկե, այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ ջանքեր գործադրել: Հայաստանը առանցքային է համարում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, ինչը մեր երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից է:

Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կարեւոր դերակատարներից է: 2021-ի մայիսին եւ նոյեմբերին ԱՄՆ-ն գործադրել է դիվանագիտական ջանքեր ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը դադարեցնելու առնչությամբ: Իսկ 2022-ի սեպտեմբերին ԱՄՆ-ի անմիջական եւ օպերատիվ ներգրավվածությունն օգնեց դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ: ԱՄՆ-ի ներգործությունը վճռորոշ դեր է խաղացել ագրեսիան դադարեցնելու հարցում: Այդ ագրեսիայից հետո Նենսի Փելոսիի այցը որոշակի անվտանգային  պատնեշի դեր խաղաց Հայաստանի համար»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, թե պաշտոնական Երևանը ասում է, որ ԱՄՆ-ը բարեկամ երկիր է, նույնն ասում է նաև Վաշինգտոնը, հարցին՝ ե՞րբ է գալու ժամանակը, որ Հայաստանն ասի՝ ԱՄՆ-ը ռազմավարական գործընկեր է, այդպիսի հեռանկար տեսնո՞ւմ է, Մակունցը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ով աշխատում է որևէ մայրաքաղաքում, փորձում է առավելագույն ջանքեր գործադրել՝ հարաբերությունները զարգացնելու, խորացնելու, ծառայեցնելու ոչ միայն երկկողմ փոխշահավետ համագործակցությանն այլ նաև Հայաստանի Հանրապետության գերակա շահերին, և Հայաստանի Հանրապետությունն այս պահին առավելագույն ջանքեր գործադրում է նաև Միացյալ Նահանգներում երկկողմ ջանքեր են գործադրվում, ինչպես ես նշեցի, իսկ թե որտեղ կհանգեցնի այդ համագործակցությունը, ես այս պահին չեմ կարող գնահատել»։

Անդրադառնալով հյ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը, Մակունցը նշեց, որ ցավոք սրտի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շատ մեծ չէ. «Հույս ունեմ, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱՄՆ-ում բինես ֆորումներին եւ նմանատիպ  նախաձեռնություններին, կօգնի ակտիվացնել դա: Բնականաբար, մեկ գործոնով դա հնարավոր չէ ակնկալել այն ակտիվությունը, որն ուզում ենք»:

  • Կիսվել: