շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ փոխնախագահ ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան

ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ փոխնախագահ ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը:

Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արուսյակ ՋուլհակյանըԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշման քննարկմանը:
 

Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալներից մեկի թեկնածու կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ջուլհակյանի վստահեցմամբ՝ ՔՊ-ն «կողմ» է քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը՝ առաջնորդվելով խորհրդարանում կառուցողական մթնոլորտը, ԱԺ բոլոր մարմինների բնականոն ձևավորումը և ըստ այդմ ԱԺ բնականոն գործունեությունը րոպե առաջ ապահովելու նպատակով: «ՔՊ խմբակցությունը հանդես է գալիս ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին իր պաշտոնից ետ կանչելու նախաձեռնությամբ»,- ասաց Ջուլհակյանը:

 

Պատգամավորը մեջբերում արեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածից, ըստ որի ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին: «Այնինչ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին, նշվածը նշանակում է, որ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցությունը ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- ասաց Ջուլհակյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է 8-րդ գումարման ԱԺ նիստի առաջին օրը տալու պատգամավորի իր երդումը: Ջուլհակյանի կարծիքով՝ Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր առաքելությունը, այլև քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների:

Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարում և չի ցանկանում կատարել որպես ԱԺ նախագահի տեղակալ Սահմանադրությամբ և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթները: «ՔՊ խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը, ինչի մասին ՔՊ խմբակցության պատգամավորները խոսել են դեռևս Իշխան Սաղաթելյանի ընտրության ժամանակ՝ հույս հայտնելով, որ ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի տեղակալը կկատարի Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված պարտականությունները, ինչն Իշխան Սաղաթելյանը ձախողել է»,- ամփոփեց Ջուլհակյանը:

  • Կիսվել: