հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան

ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան

«Ուժեղ Հայաստանը»ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու ներկայացրել է Հայկ Ֆարմանյանին, թեև որպես նախաբան ասեմ՝ ցավում եմ, որ ձեր խմբակցության ելույթներում գեթ մեկ ելույթ չհնչեց, որպես արժանի թեկնածուի, որևէ կերպ չլսեցինք այդ ելույթները, այլ հակառակը՝ լսեցինք, թե ինչ ծախսեր են արվել, օրինակ, Կոնդի առանձնատանը: Ցավում եմ, համեմատության համար իսկապես ցավում եմ: Այս մասին խմբակցության անունից ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Դիմելով Ֆարմանյանին՝ Մանավազյանը նշեց՝ նա ներկայացնում է «Ուժեղ Հայաստանը», սակայն 2021 թվականին ներկայացել է որպես «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ: 

«Ես նայում եմ ձեր հայտարարությունները, ձեր հարցազրույցները, դուք ներկայանում եք որպես «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ և անում եք տնտեսական վերլուծություն և խոսում եք մեզանից, որ մենք կապիտուլյանտ ենք, թրքասեր, տարածքային կոմունիկացիաների բացման վերաբերյալ այնպիսի վատատեսական հայտարարություններ եք անում, որ ես երեկ զարմացել եմ, որ ասում եք՝ բյուջեն եռապատկվել է... Այո՛, մաքսայինում բոլոր բարեփոխումները դեպի լավն են գնացել: Ինչ-որ բա՞ն է փոխվել այս ընթացքում»,- ասաց Մանավազյանը՝ դիմելով Ֆարմանյանին:

Անդրադառնալով պատգամավորի՝ նախկինում արած հայտարարություններին՝ ՔՊ խմբակցության ղեկավարը նկատեց՝ 2021-ի ընտրություններից առաջ նա գովերգել է Ռոբերտ Քոչարյանին, խոսել նրա «անուրանալի վաստակի մասին», իսկ այսօր, նստած դահլիճում, անում է Սամվել Կարապետյանի գովքը:

«Կարո՞ղ է, եթե 2018-ին համակարգից չհեռանայիք, նաև Նիկոլ Փաշինյանի գովքը անեիք: Սա է ձեր իրական քաղաքական դեմքը և արժեհամակարգը»,- նկատեց Մանավազյանը:

Նրա խոսքով՝ Ֆարմանյանի հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստանում, թե նա դեմ է տնտեսության դիվերսիֆիկացմանը:

ՔՊ խմբակցության ղեկավարն անդարդարձավ նաև TRPP-ի և ապօրինի գույքի վերաբերյալ Հայկ Ֆարմանյանի իրարամերժ հայտարարություններին: 

Ամփոփելով խոսքը՝ Մանավազյանը տեղեկացրեց՝ ՔՊ խմբակցությունը դեռ քննարկելու է նրա թեկնածությունը: 

«Ժամանակ ունենք քննարկելու: Ըստ իս՝ հանձնաժողովը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որն ունի պետական մտածողություն, մակրոտնտեսական խոր գիտելիքներ, բավարար կոմպետենտություն, ազնիվ մասնագիտական ու քաղաքական անցյալ»,- ասաց Մանավազյանը:

  • Կիսվել: