շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորը հորդորում է ինտրիգներ չփնտրել իրենց ու Փաշինյանի հանդիպումներում

ՔՊ-ական պատգամավորը հորդորում է ինտրիգներ չփնտրել իրենց ու Փաշինյանի հանդիպումներում

Պետք չէ ինտրիգային բան փնտրել մեր հանդիպումներում. դրանք պարբերական բնույթ են կրում, սա հերթականն է: Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա նշեց. «Քննարկում ենք եւ արտաքին քաղաքական, եւ ներքին քաղաքական հարցեր»:

Լրագրողների հարցին, թե արդյոք քննարկվելու՞ է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու հարցը, նա պատասխանեց. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ունի իր շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր, Հայաստանը բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել, որոնք բխում են մեր առաջնահերթություններից, մեր պատկերացումներից:

Պրոցեսները դինամիկ են, եւ ես չէի ուզենա, որ մենք շեշտադրում անենք հակակշիռների տրամաբանության մեջ: Մենք ունենք քայլերի, նպատակների հաջորդականություն, ինչը միտված է Հայաստանի թե անվտանգության զարգացմանն ու ամրապնդմանը, թե տնտեսական կյանքին»:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝  պատգամավորը նշեց. «Թե մենք, թե մեր ռուս գործընկերները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրթին եւ բարդ կոնմտեքստ ունեցող հարցերը, նաեւ տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, նաեւ աշխատանքային մակարդակում, հանգուցալուծվեն»:

  • Կիսվել: