ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քննարկվում է Երասխ-Ջուլֆա երկաթգծի վերագործարկումը, բայց վերջնական ինչ համաձայնության կգանք, չեմ կարող ասել. Մհեր Գրիգորյան

Քննարկվում է Երասխ-Ջուլֆա երկաթգծի վերագործարկումը, բայց վերջնական ինչ համաձայնության կգանք, չեմ կարող ասել. Մհեր Գրիգորյան

Ցանկացած ենթակառուցվածքի վերականգնում ենթադրում է, որ այն գործելու է երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Այս մասին, անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման և ենթակառուցվածքների բացման գործընթացին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ այդ ենթակառուցվածքը գործելու է ՀՀ ենթակայության ներքո՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
 
«Հարցերը, որոնք ենթակա են փորձաքննության, բազմաթիվ են։ Յուրաքանչյուր եռակողմ հանդիպում ենթադրում է կամ առաջացնում է հարցեր, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն»,– ասել է նա։
 

Հարցին` հնարավոր է առաջիկայում վերագործարկվի Երասխ-Ջուլֆա դեպի Սադարակ երկաթգիծը, փոխվարչապետը պատասխանել է․

«Մենք նման ցանկություն ունենք և ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որ հնարավոր է իրականացնել գործող ենթակառուցվածքների շնորհիվ, ցանկալի է, որ տեղի ունենա։ Բնականաբար դա բանակցությունների առարկա է և ասել, որ դա անմիջապես տեղի կունենա, չեմ կարող ասել։ Այո՛, դա կա բանակցություններում, բայց ինչ վերջնական համաձայնության կգանք, չեմ կարող ասել»։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ Իջևան-Ղազախ ուղղությունը ևս քննարկվել է, ինչպես բոլոր ուղիները։ «Այնուամենայնիվ կա ողջամիտ, ռացիոնալ ծախս և կան լուծումներ, որոնք կարող են այս փուլի համար լինել»,- հավելել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

  • Կիսվել: