երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են միջազգային շուկաներում Երևանի կոնյակի գործարանի արտադրանքի առաջմղման հնարավորությունները. հանդիպում նախագահի նստավայրում

Քննարկվել են միջազգային շուկաներում Երևանի կոնյակի գործարանի արտադրանքի առաջմղման հնարավորությունները. հանդիպում նախագահի նստավայրում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և «Պեռնո Ռիկարի» Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող ծրագրերն ու ընդհանուր իրադրությունը, ինչպես նաև ընթացիկ տարում խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել արտադրանքի որակական բարձր չափանիշները հետևողականորեն պահպանելու ուղղությամբ գործարանի որդեգրած սկզբունքը, ինչը կարևոր դերակատարություն ունի հայկական կոնյակի ճանաչելիության և ներկայացուցչական վարկանիշի ապահովման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր շուկաներում Երևանի կոնյակի գործարանի ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին հայկական ապրանքանիշի հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար Հանրապետության նախագահի անունից Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությանը հանձնվել է շնորհակալագիր:

  • Կիսվել: