Քիչ չեն մարդիկ, որոնց հանդեպ կարող է կիրառվել «պողպատե մանդատ». Գալջյան
Այդ մուրճի կիրառման համար ստեղծվել են համապատասխան իրավական կարգավորումներ, իրավական դաշտ և կարծում եմ՝ մուրճը միայն իր տեսքով մուրճ չէ, այն մեխանիզմ է, այն պետական համակարգ է, որը պետք է ձևավորվեր, կիրառվեր, կարծում եմ՝ մենք դա ձևավորել ենք և դրա կիրառման բուն փուլում ենք գտնվում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է պողպատե մանդատի մասին եւ ցուցադրել է «պողպատե մանդատ» անվանումով մուրճը։
Գալջյանի խոսքով՝ քիչ չեն մարդիկ, որոնց հանդեպ կարող է կիրառվել այդ «պողպատե մանդատը»։
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև նրան, որ Սամվել Կարապետյանը «Մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» ասելու համար հայտնվել է անազատության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե «իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»: Այս առնչությամբ Գալջյանն ասաց. «Քաղաքական հայտարարությունները մի բան են, իրավական ընթացակարգերը մի այլ բան են։ Հիմա ձեր մատնանշած ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ, օրինակ, ես խնդիր եմ տեսնում, որովհետև քաղաքական ձևերից բացի այլ ձևեր... Ինձ համար հնարավոր չի պատկերացնել՝ դա ինչ ձև է։ Հայտարարության մեջ ասում է՝ եթե քաղաքական ճանապարհով չլինի, այլ ձևով կլինի, քաղաքականից բացի՝ քաղաքական հարցեր լուծելու այլ ձևեր չկան։ Եթե ասել է՝ «մեր ձևով», թող ինքն էլ դրա պատասխանը տա»:
Լրագրողների հարցին՝ ՔՊ–ում ի՞նչ են հասկացել այդ բառերից, որ բանը հասել է քրեական գործին, նա պատասխանեց. «ՔՊ-ում հասկանալու խնդիր չկա, դա իրավական ընթացակարգեր են, որ տեղի են ունեցել»։


