կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Քաղաքացուն պետք է բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և վերացման ընթացակարգերը. Բեգինյան

Քաղաքացուն պետք է բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և վերացման ընթացակարգերը. Բեգինյան

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: 

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հունվարին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Զեկուցվել  է, որ 2020 թ. հունվարին ծառայության կողմից պահանջատերերի օգտին վերականգնվել է 2 մլրդ 294 մլն 611 հազար ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշը՝ 7,7%-ով: 

Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 130.087 վարույթի, կարճվել և ավարտվել է 95.894 կատարողական վարույթ:

Խորհրդակցության ընթացքում ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամիս հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:

Մասնավորապես՝ ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  6571 քաղաքացի։

Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 2020 թ․ հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը նշել է՝ հնարավոր է լինեն դեպքեր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիները, տեսնելով աշխատավարձի բանկային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքը, ներկայացնում են համապատասխան տեղեկանք՝ տրված գործատուի կողմից:

«Նման դեպքերը պետք է պահել ուշադրության կենտրոնում և օպերատիվ ընթացք տալ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի տնօրինմանը վերաբերող դիմումին, ինչպես նաև բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և դրա վերացման սահմանված ընթացակարգերը»,- ասել է Դավիթ Բեգինյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։

  • Կիսվել: