հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացին Հայաստանում պետք է լավ ապրի, և նրա բարեկեցության մակարդակը պետք է շարունակաբար բարձրանա. Փաշինյան

Քաղաքացին Հայաստանում պետք է լավ ապրի, և նրա բարեկեցության մակարդակը պետք է շարունակաբար բարձրանա. Փաշինյան

ԱԺ-ում ընթացող 2022թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում, վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական թեմաներին: Խոսելով կենսաթոշակների մասին, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«2022 թվականի ընթացքում կայացրած որոշումների արդյունքում կենսաթոշակները երկու անգամ բարձրացել են՝ հունվարին և սեպտեմբերին, և միջին կենսաթոշակը դարձել է 46.200 ՀՀ դրամ՝ 43.500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 31.600 ՀՀ դրամ՝ 26.500 ՀՀ դրամի փոխարեն: Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը դարձել է 31.600 ՀՀ դրամ՝ 26.500 ՀՀ դրամի փոխարեն: Բարձրացումների շնորհիվ աճել է նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից մենք կունենանք կենսաթոշակի ևս մեկ ավելացում Հայաստանի Հանրապետությունում: Նաև այս առումով պակաս կարևոր չեմ համարում թոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը: Սա այն ծրագիրն է, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ են առևտուրն իրականացնում բանկային քարտով և որոշակի տոկոս հետվճար են ստանում: Ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մեկ քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 ՀՀ դրամ: Մոտավորապես այդքանով էլ միջինում թոշակը բարձրացրել ենք, հիմա մոտավորապես այդքան էլ կբարձրացնենք, դրա արդյունքում մի քիչ էլ կբարձրանա հետվճարը, և արդյունքում մենք կունենանք թոշակի բավական շոշափելի բարձրացում:

Մեր քաղաքականությունն այս առումով, իհարկե, շարունակվելու է: Իհարկե, թոշակների բարձրացման չափը մեզ, բնականաբար, չի բավարարում, բայց երբ ընթացիկ և կապիտալ ծախսերի մասին ենք խոսում, պետք է արձանագրենք, որ թոշակառուներն այսօր մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են: 560.000 կարգի թոշակառու մենք ունենք, և Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այդքան բարձրացումներից հետո աշխատում է ընդամենը 710.000 մարդ: Այսինքն՝ սա շատ կարևոր է, այս հարաբերակցությունը մենք պետք է հասկանանք, որովհետև այս աշխատող 710.000-ի ստեղծած արդյունքից է կախված, թե ինչքան թոշակ են ստանում թոշակառուները: Էլ չեմ ասում՝ մոտ 90.000 ընտանիք էլ նպաստառու է: Այդ 90.000 ընտանիքում կան մարդիկ ակնհայտորեն, ովքեր աշխատունակ են, բայց գուցե նաև մեր սխալ քաղաքականությունների հետևանքով չեն աշխատում կամ չեն ուզում աշխատել: Ասեմ, որ տարբեր մարզային այցելությունների ժամանակ, նաև շինհրապարակներում լինելով, կամ տարբեր ընկերությունների հետ շփվելով, այսօր հստակ Հայաստանում աշխատուժի պակաս կա: Սա պետք է մենք արձանագրենք, և, հարգելի գործընկերներ, նաև խորհրդարանի աջակցությունն եմ ակնկալում՝ մեր սոցիալական քաղաքականությունների բարեփոխումների ճանապարհին, որպեսզի կարողանանք հնարավորինս արդար սոցիալական համակարգ ունենալ երկրում, որովհետև, կարծում եմ, որ մեր նպատակը և նպատակակետը՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական, պետք է լինի հետևյալը, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է լավ ապրի, և նրա բարեկեցության մակարդակը պետք է շարունակաբար բարձրանա: Սրա միակ ճանապարհն աշխատանքն է»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: