հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փշատավան համայնքի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն սկսվել են. Ռուստամ Բաքոյանը տեղում հետևել է աշխատանքներին

Փշատավան համայնքի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն սկսվել են. Ռուստամ Բաքոյանը տեղում հետևել է աշխատանքներին

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան համայնք: Պատգամավորն այստեղ վերջերս էր եղել և բնակիչներին խոստացել էր վերհանել ճանապարհի վերանորոգման հարցը: Արգավանդ-Փշատավան համայնքներն իրար կապող 3 կիլոմետրանոց  ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել էին, դրանց ընթացքին տեղում ծանոթացել է պատգամավորը:

Ռուստամ Բաքոյանն այնուհետև այցելել է Նալբանդյան համայնք: Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ պատգամավորի հետ հանդիպման էին եկել համայնքում բնակվող եզդիները: Նրանք ներկայացրել են իրենց հուզող  խնդիրները, խոսել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից, գնահատել նաև վերջին տարիների փոփոխությունները:

Համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի խոսքով՝ Նալբանդյան համայնքում կան մի քանի  հիմնական խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանցից առաջինը խաղողի բերքի մթերման հարցն է, որին ամեն տարի բախվում են գյուղացիները: Խաղողագործներն ունեցել են 250 հեկտար այգիներ, որոնք այսօր  մեծացել են՝ հասնելով 300 հեկտարի: Այգիների մեծանալու հետ  ավելացել են խնդիրները, ուստի խաղողագործներն ակնկալում են Կառավարության միջամտությունը: Ըստ համայնքապետի՝ խնդրի լուծում կարող է լինել բերքի պլանավորած մթերումը, քանի որ իրենց համար  հստակ է բերքի չափը: «Չենք կարող 50-100 տոննա խաղողը մթերել և իրացնել»,- ասել է նա:

Համայնքապետը պարզաբանել է, որ պայմանագրեր ունեն մթերող երեք ընկերության հետ, սակայն վերջիններս տարեցտարի քչացնում են բերքի ընդունումը:

Գյուղում մեկ այլ խնդիր է 5 կմ երկարությամբ քարուքանդ ճանապարհը, որի վերանորոգումը թեև եղել է ծրագրված, սակայն խանգարել են նախորդ տարի ի հայտ եկած համավարակն  ու պատերազմը: Խնդրահարույց է նաև ոռոգման ջուրը, ավելի շուտ, ինչպես նշեցին գյուղացիները, դրա բարձր գինը:

Ռուստամ Բաքոյանը խոստացել է համապատասխան մարմինների հետ քննարկել բարձրացված հարցերը, փորձել դրանք կարգավորել: Նա նկատել է, որ ոռոգման ջրի խնդիր կա մարզի մյուս համայնքներում ևս: Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե ջրի պակասն է, այլ ենթակառուցվածքների բարեփոխման անհրաժեշտությունը:  «Պետք է դիտարկել նաև կաթիլային ոռոգման անցնելու հնարավորությունը»,- ասել է նա: 

 

  • Կիսվել: